Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Պտղի իրավունքը

Պտղի իրավունքը

Պտղի բազմաթիվ արատներ հնարավոր է շտկել ներարգանդային շրջանում: Սա բուժման նոր մեթոդ է, որը կոչվում է «պտղի բժշկություն»: Այն արդեն հաջողությամբ կիրառվում է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների բազմաթիվ բուժհաստատություններում:

 

Ռուսաստանը և Ուկրաինան այդ ուղղությամբ առաջին քայլերն են անում, իսկ Հայաստանում մինչ օրս ախտորոշման նպատակով կատարվում են միայն որոշակի հետազոտություններ: 

 

Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, ԼՂՀ մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բաղդասարյանը վերջերս վերապատրաստվել է փարիզյան առաջատար կլինիկաներից մեկում: Առողջապահության այդ նոր ուղղության մասին է մեր զրույցը:

 

Պարոն Բաղդասարյան, 2011թ. ամռանը վերապատրաստվել եք փարիզյան «Անտուան Բեկլեր» համալսարանական կլինիկայում: Ձեր այցի նպատակն էր ծանոթանալ առողջապահության ոլորտի նոր ուղղությանը` պտղի բժշկությանը: Ինչպե՞ս եղավ, որ մեկնեցիք Փարիզ:

 

- Մեկնել էի արտամարմնային բեղմնավորման ուղղության հիմնադիրներից մեկի` պրոֆեսոր Ռենե Ֆրիդմանի հրավերով: Նա աշխարհում առաջիններից էր, որը դեռ 1982թ. արհեստական բեղմնավորում իրականացրեց:

 

Կարելի է ասել, որ Ֆրիդմանը «սրվակային» երեխաների հայրերից է:

 

- Այո, այդպես է: Այս տարի այդ մեթոդով ծնված աղջիկը կդառնա 30 տարեկան: Ի դեպ, նրա կնքահայրը հենց Ֆրիդմանն է:

 

Դուք աշխատում եք որպես մանկաբարձ-գինեկոլոգ, ինչո՞ւ ձեր ուշադրությունը սևեռեցիք հենց պտղի բժշկությանը: 

 

- Ինձ, ինչպես և մանկաբարձ-գինեկոլոգներից շատերին անհանգստություն է պատճառում պերինատալ, այսինքն` շուրջծննդաբերական շրջանում (մինչև ծննդաբերությունը և դրանից մեկ շաբաթ անց) մահվան դեպքերի աճը, իսկ պտղի բուժումը նպաստում է այդ ցուցանիշների նվազմանը: Ռենե Ֆրիդմանը մասնակցում էր Հայաստանում ռեպրոդուկտոլոգիայի` վերարտադրողականության հարցերին նվիրված գիտաժողովին: Նրա հետ հանդիպումը կանխորոշիչ եղավ իմ վերապատրաստման հարցում, որը կես բառից ընկալեց իմ հետաքրքրությունը այդ նոր ասպարեզի նկատմամբ և հրավիրեց Ֆրանսիա` վերապատրաստվելու: Հասկացա, թե ինչպես են պայքարում դեռ աշխարհ չեկած երեխայի համար, որտեղ անգամ իրավաբանական հասկացություն գոյություն ունի` պտղի իրավունք: Սովորաբար, երբ մեզ մոտ պարզվում է, որ պտուղն արատ ունի, հղիությունն ընդհատում են: Եվ այդպես են վարվում գրեթե ամբողջ հետխորհրդային տարածքում: Ապշեցի, երբ տեսա, թե Շվեդիայից ժամանած մասնագետները ինչպես էին ջանում փրկել ակնհայտ լուրջ շեղում ունեցող պտղի կյանքը: Զարմանքիս շատ տրամաբանական պատասխան տրվեց` Շվեդիայում մանկածնության մակարդակը չափազանց ցածր է, և շատ հավանական է, որ առաջին հղիությունից հետո կինը հղիանալու հնարավորություն այլևս չունենա: Սա ոչ միայն այլ մոտեցում է, այլև յուրատեսակ մտածելակերպ: Եթե մեր երկրում ծննդաբերող կնոջը հայտնում են, որ երեխան կարող է արատով ծնվել, նա ինքն է պարտադրում, որ հղիությունն ընդհատեն:

 

«Անտուան Բեկլեր» կլինիկայում ո±վ էր ձեր ղեկավարը: Ի՞նչ վիրահատությունների եք ներկա եղել:

 

Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, ԼՂՀ մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բաղդասարյան- Ինձ աջակցում էր մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Ալեքսանդրա Բենաչին: Ինչ թաքցնեմ, պարզապես ցնցված էի հզորագույն տեխնիկական սարքավորումների առկայությունից: Նման բան մենք երևի միայն ֆանտաստիկ ֆիլմերում ենք տեսնել: Արտակարգ իրավիճակներում բուժանձնակազմը գործում էր հստակ, առանց ավելորդ բառ փոխանակելու: Ինձ բախտ վիճակվեց ներկա գտնվել մի շարք վիրահատությունների, որոնց մասին մենք միայն տեսականորեն ենք տեղեկացված: Օրինակ, ստոծանու ճողվածքով պտղին վիրահատում են նախքան ծնվելը: Թերևս նման վիրահատություն հնարավոր է կատարել երեխայի լույս աշխարհ գալուց հետո, բայց փորձը ցույց է տալիս, որ ներարգանդային ժամանակահատվածում կատարված վիրահատություններն ավելի լավ արդյունք են տալիս: Հաճախ շտկում են երիկամների, սրտի, միզուղիների շեղումները:

 

Իսկ ուղեղի հետ կապված գործողություններ կատարո՞ւմ են:

 

- Այո: Ինչպես և բազմաթիվ այլ միջամտություններ, ընդհուպ մինչև արյան շրջանառության շտկումը բազմապտուղ հղիության դեպքում:

 

Զարգացած երկրներում, հենց Ֆրանսիայում, ինչպե՞ս են պայքարում վիժումների դեմ:

 

- Արևմտյան երկրներում լայն տարածում ունի ռեկոնցեպտուալ նախապատրաստումը, այսինքն` առողջ երեխա ունենալու նպատակով նախքան հղիությունը ծնողները բազմաթիվ հետազոտությունների են ենթարկվում, այդ թվում` նաև գենետիկական: ԱՄՆ-ի առողջապահության ինստիտուտում հաշվարկել են և պարզել, որ նախածննդաբերական շրջանում ախտորոշում կայացնելու համար ներդրված մեկ դոլարը հինգուկես տարի անց բերում է իննուկես դոլար եկամուտ: 

 

Տեխնիկական առաջընթացից զատ` ուրիշ ի՞նչ կուզենայիք ընդօրինակել Եվրոպայից:

 

- Ինձ հաճելիորեն զարմացրեց այն երևույթը, որ հղի և ծննդաբերող կանայք բոլոր գործողություններին ներկայանում էին իրենց ամուսինների կամ զուգընկերների ուղեկցությամբ: Եվ զգացվում էր, որ դա անկեղծ վերաբերմունք է ու անպայման դրական ազդեցություն կունենա հղիության ընթացքի վրա:

 

Ներարգանդային շրջանում արատների զարգացման վերաբերյալ Հայաստանում և ԼՂՀ-ում վիճակագրական տվյալներ կա՞ն:

 

- Քանի որ ես աշխատում եմ ԼՂՀ-ում, ուստի նշեմ, որ հանրապետության գլխավոր մանկաբույժի տվյալների համաձայն, պերինատալ մահացության բոլոր դեպքերի մեկ երրորդը ներարգանդային շրջանում արատների հետևանք է: Եթե մեզ մոտ կիրառվեն բուժման ժամանակակից միջոցներ, այդ կորուստները հնարավոր կլինի նվազեցնել:

 

Պարոն Բաղդասարյան, ինչո՞վ էր հիմնավորված ձեր կենտրոնում մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ստեղծումը:

 

- Մեր կենտրոնը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական բազաներից է: Այդ ամբիոնն անհրաժեշտ է տեղի մասնագետների վերապատրաստման համար: Բացի այդ, մշտապես վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում մանկաբարձների և գինեկոլոգների համար, հնարավորություն է ստեղծվում հետդիպլոմային կրթություն ստանալուն, այսինքն` նպաստում ենք կլինիկական օրդինատորների որակավորմանը: Այդ ամենը կյանքի կոչվեց ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դ. Դումանյանի և նույն հաստատության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գ. Օկոևի ջանքերի շնորհիվ:

 

Ըստ ձեզ` հնարավո՞ր է մոտ ապագայում Հայաստանում և Ղարաբաղում ևս կիրառել պտղի ներարգանդային շրջանում բուժման մեթոդը:

 

- Երևանի առաջատար բուժհաստատություններում բարձրակարգ ախտորոշման բազա գոյություն ունի, ինչը չեմ կարող ասել ԼՂՀ-ի մասին: Համոզված եմ` համապատասխան սարքավորումների առկայության և մասնագետների վերապատրաստման դեպքում պտղի բժշկությունը հնարավոր է կիրառել նաև մեզ մոտ:

Հեղինակ. Ռոզա Եղիազարյանը
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2012 (294)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ